Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
2006 թվականին նվիրյալ երաժիշտների համատեղ երազանքից ծնված Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այսօր մշակութային հպարտության և գեղարվեստական կատարելության փարոս է։ Առաջնորդվելով Հայաստանի հարուստ երաժշտական ժառանգության հանդեպ խոր ակնածանքով՝ նվագախումբն իր լուսավոր հնչողությամբ և արտահայտիչ կատարումներով ոգեշնչում է ունկնդիրներին ամբողջ աշխարհում։ Իր հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը դարձել է համաշխարհային բեմի ճանաչված ներկայացուցիչ։
Նվագախումբը տարեկան ավելի քան 80 համերգով հանդես է գալիս Հայաստանում և արտերկրում՝ ներկայացնելով բազմազան և հավակնոտ երկացանկ, որն ընդգրկում է սիմֆոնիկ գլուխգործոցներ, բալետային և օպերային երաժշտություն՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ժամանակակից ստեղծագործություններին։ Լինելով Հայաստանի առանցքային մշակութային դեսպաններից մեկը՝ նվագախումբը պարբերաբար ելույթներ է ունենում աշխարհի հեղինակավոր համերգասրահներում։ Վերջին նշանակալի իրադարձություններից են ԱՄՆ դեբյուտային հյուրախաղերը՝ Քարնեգի Հոլում, Բոստոնի Սիմֆոնի Հոլում և Ուոլթ Դիսնեյ համերգասրահում, ինչպես նաև բարձր գնահատված դեբյուտը Փարիզի ֆիլհարմոնիայում։
2026 թվականին նվագախումբը նշեց իր 20-ամյակը գալա-համերգով, որին մասնակցեց համաշխարհային հռչակ ունեցող դաշնակահար Լանգ Լանգը՝ առաջին անգամ ելույթ ունենալով Երևանում։ Համերգային բեմից դուրս նվագախումբն ակտիվորեն զբաղվում է երաժշտական կրթությամբ, սոցիալական նախաձեռնություններով, նորարարությամբ և ձայնագրությամբ՝ իր սեփական ArmSymphony Records լեյբլի և միջազգային համագործակցությունների միջոցով։
Իր հստակ ու նրբագեղ հնչողությամբ, ինչպես նաև ազդեցիկ կատարողական ոճով ճանաչված նվագախումբը սպասված հյուր է աշխարհի բազմաթիվ առաջատար համերգասրահներում։
«Մուզիքֆեղայն»
Վիեննա
Բեռլինի ֆիլհարմոնիա
Բեռլին
Փառատոնային մեծ համերգասրահ
Զալցբուրգ
«Բարբիքան» համերգասրահ
Լոնդոն
«Զարյադյե» համերգասրահ
Մոսկվա
«Կոնցերտհաուս»
Բեռլին
Դվորժակի անվան համերգասրահ
Պրահա
«Լիդեհալլե» համերգասրահ
Շտուտգարտ
«Գասթայգի» Ֆիլարմոնիկ համերգասրահ
Մյունխեն
Չայկովսկու անվան համերգասրահ
Մոսկվա
«Էլբֆիլհարմոնի»
Համբուրգ
Դուբայի օպերա
Դուբայ
Նվագախումբն իր հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ համատեղ ստեղծել է չորս ամենամյա փառատոն, որոնց շրջանակում Հայաստան են հրավիրվել համաշխարհային մեծության բազմաթիվ վիրտուոզ մենակատարներ և դիրիժորներ.
Գիլ Շահամ
Միշա Մայսկի
Սթիվեն Իսերլիս
Մաքսիմ Վենգերով
Միխայիլ Պլետնյով
Գոթյե Կապյուսոն
Սերգեյ Խաչատրյան
Անդրեաս Օտտենզամեր
Յոզեֆ Կալլեյա
Հաննու Լինտու
Ջոն Մալկովիչ
Նվագախումբը թանկարժեք բարեկամության և համագործակցության բազմամյա փորձ ունի ժամանակակից մեծանուն կոմպոզիտորների հետ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը մեծ ճանաչում է վայելում ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մշակութային միջավայրում: Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբին որպես հրավիրյալ դիրիժոր ղեկավարելով Գերմանիա, Ավստրիա և Միացալ Նահանգներ կատարած համերգային շրջագայությունների ընթացքում և հատկապես Բեռլինի ֆիլհարմոնիայում, Վիեննայի «Մուզիքֆեղայն» և Նյու Յորքի «Քարնեգի Հոլ» համերգային դահլիճներում նվագախմբի ունեցած հաջողակ ելույթներից հետո 2019թ․ Սերգեյ Սմբատյանը հրավիրվել է ղեկավարելու նվագախումբը որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։
Հիմքից սիմֆոնիկ նվագախումբ ստեղծելու իր փորձով զինված՝ Սերգեյ Սմբատյանը վերջին տարիներին ստեղծել է չորս այլ նվագախմբեր ևս: 2015 թվականին նա ստեղծեց «24/04» նվագախումբը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյակի, իսկ այնուհետև՝ «Անկախության սերունդ» համահայկական նվագախումբն ու երգչախումբը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 25‑ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Նա նաև հավաքել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական կամերային երգչախումբը՝ նվիրված Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման 20-ամյակին և , որի նպատակն ամփոփված էր աշխարհասփյուռ հայության միավորման գաղափարում: Որպես կրթության և նորարարության ջատագով՝ Սերգեյ Սմբատյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ստեղծել է ավագ դպրոցի աշակերտների համար նախատեսված «ԴասA» նախագիծը, որն աշակերտներին հնարավորություն է ընձեռում մոտիկից ծանոթանալու դասական երաժշտությանը:
Սերգեյ Սմբատյանի կարիերայի համար նշանակալից առաջխաղացում էին վերջին ժամանակների համերգաշրջանները, որոնց ընթացքում որպես հրավիրյալ դիրիժոր ելույթ է ունեցել Բեռլինի, Վարշավայի, Երուսաղեմի, Պրահայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբերի, Դրեզդենի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Բեռլինի «Կոմիշե օպեր» և այլ երաժշտական կոլեկտիվների հետ: Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի 2021-2022 համերգաշրջանի Եվրոպական տուրի շրջանակում Սերգեյ Սմբատյանը նվագախմբի հետ հանդես է եկել Բեռլինի ֆիլհարմոնիայի և Վիեննայի «Մուզիքֆեղայն» դահլիճներում, իսկ 2022-2023 համերգաշրջանում կղեկավարի նվագախմբի ելույթները Միացյալ Թագավորությունում անցկացվելիք առաջին համերգային տուրի ընթացքում:
Իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն երաժշտական աշխարհում ավելի ու ավելի սպասված դարձավ 2007 թվականին Խորվաթիայի ազգային օպերայի հետ իր դեբյուտային ելույթից հետո։ Մարչիանոն հանդես է եկել Օվիեդոյի, Մինսկի, Լյուբլյանայի, Երևանի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի օպերային թատրոնների հետ։
Մարչիանոն Բեյրութի «Ալ Բուստան» փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։ Նա նաև Իտալիայի Լերիչի քաղաքում անցկացվող «Suoni dal Golfo» փառատոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է, ինչպես նաև Բելառուսի ազգային ակադեմիական մեծ թատրոնի հրավիրյալ գլխավոր դիրիժորը։ 2011-2014թթ. նա եղել է Թբիլիսիի պետական օպերայի երաժշտական ղեկավարը և գլխավոր դիրիժորը։ 2017-2017 թթ. Մարչիանոն եղել է Նովի Սադի Սերբական ազգային թատրոնի գլխավոր դիրիժորը:
Որպես դիրիժոր Մարչիանոն ելույթ է ունեցել անվանի շատ երաժիշտների հետ, այդ թվում՝ Գոթիե Կապյուսոնի, Ռենո Կապյուսոնի, Արաբելա Շտայնբախերի, Աննա Տիֆուի, Ֆրանչեսկա Դեգոյի, Սթիվեն Իսերլիսի, Մարիա Ժուան Պիրեշի, Դավիթ Գերինգասի, Խաթիա Բունիաթիշվիլիի, Սերգեյ Կրիլովի, Սերգեյ Նակարիակովի, Դենիս Կոժուխինի հետ։
Նա ղեկավարել է Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Անգլիայի կամերային նվագախումբը, Հայաստանի ազգային կամերային նվագախումբը, Լեհաստանի Բալթյան ֆիլհարմոնիկ նվագախումբը, Վրոցլավի ֆիլհարմոնիկ, Վրաստանի ֆիլհարմոնիկ, Մոսկվայի քաղաքային ֆիլհարմոնիկ, Սարաևոյի ֆիլհարմոնիկ, Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, BBC-ի համերգային նվագախումբը, Պեկինի սիմֆոնիկ նվագախումբը։
Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ նվագախումբը 2011 թվականին թողարկեց իր առաջին «Պատասխանը երաժշտությունն է» ձայնասկավառակը: Sony Records-ի կողմից ձայնագրված սկավառակը ներառում է Պյոտր Չայկովսկու, Դմիտրի Շոստակովիչի և Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները։
Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ նվագախումբը 2011 թվականին թողարկեց իր առաջին «Պատասխանը երաժշտությունն է» ձայնասկավառակը: Sony Records-ի կողմից ձայնագրված սկավառակը ներառում է Պյոտր Չայկովսկու, Դմիտրի Շոստակովիչի և Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները։
Դասական երաժշտության եւ արդի տեխնոլոգիաների նշանակալից երկխոսության հանդեպ հավատի շնորհիվ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանրությանը ներկայանում է որպես տեխնոլոգիական նորարարությունների միտված նվագախումբ, որն իր փորձարարական բազմազան նորույթների որոնումներում կիրառում է արհեստական բանականության հնարավորություններ և բարձր տեխնոլոգիական այլ լուծումներ՝ հետապնդելով գեղարվեստական նորանոր նպատակներ։
Տարեցտարի ընդլայնվում է նաև նվագախմբի դերը Հայաստանում երիտասարդների կրթության ուղղությամբ։ 2018թ․ ստեղծված «ԴասA» նախագիծը նպատակ ունի ավագ դպրոցի աշակերտների շրջանում արթնացնել հետաքրքրություն, ընկալում և համակրանք դասական երաժշտության հանդեպ՝ երիտասարդ սերնդին ավելի մատչելի դարձնելով բարձրարժեք արվեստը և բարեփոխելով նրանց մոտեցումները դասական երաժշտությանը։
Իր սոցիալական պատասխանատվության գիտակցմամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանձնառություն է կրում նաև հանրության խոցելի խմբերի մշակութային ներգրավման համար՝ պարբերաբար տրամադրելով անվճար հաճախումների հրավերներ, ինչպես նաև կազմակերպելով դրամահավաքային նպատակներով բարեգործական համերգներ։